«Ըստ ստացվող տեղեկությունների՝ Կիևի ռեժիմը սկսել է հարձակում նախապատրաստել Կուրսկի ատոմակայանի ուղղությամբ։ Միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ ենք անում անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ԱԷԿ-ի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է Եվրոպայում լայնածավալ աղետի հանգեցնել»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

«ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է. ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՀՐՈՂԸ ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՀԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ»

«ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է. ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՀՐՈՂԸ ՊԻՏԻ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՀԵՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ»
21.02.2012 | 00:00

«Իրատես de facto»-ի հյուրն է ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ
-Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել Ստեփանակերտից այս անգամ:
-Ստեփանակերտում ԱԺ բազմակուսակցական պատվիրակությունը մասնակցեց ԼՂՀ 20-ամյակին նվիրված և ԼՂՀ ԱԺ-ի կազմակերպած միջազգային կոնֆերանսին, որը քննարկում էր ղարաբաղյան հիմնախնդրի հեռանկարները, լուծման ուղիները և ԼՂՀ-ին առնչվող հարցեր: Շատ հաջողված միջոցառում էր, հեղինակավոր ներկայացուցչություն էր ապահովված` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Հունաստանից, Նիդերլանդներից և այլ երկրներից փորձագետներ էին ելույթ ունենում, որ հակամարտությունների կարգավորման հարցերում մեծ փորձառություն ունեն: Համոզված եմ, որ կոնֆերանսի միջազգային արձագանքներն էլ շատ դրական են լինելու: Հիանալի ավանդույթ է` մի տեղ հավաքել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգռված և լավատեղյակ մասնագետներին, սա առաջին միջոցառումը չէր, բայց նման մակարդակի առաջին հավաքն էր 20-ամյա անկախ Ղարաբաղի պատմության մեջ: Ինչպես արևմտյան մեր գործընկերներն էին առաջարկում, ես էլ եմ կարծում, որ այս օրինակը պիտի հնարավորություն տա հայությանը մտածելու ոչ միայն Ղարաբաղում ու Հայաստանում, այլև Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, այլ կենտրոնների գիտական և հասարակական շրջանակներում նման միջոցառումներ կազմակերպելու:
-ԼՂՀ ճանաչման հեռանկարներն ինչպե՞ս են գնահատվում:
-Ես քաղաքական պատասխան կտամ` լինելով քաղաքական գործիչ: Մեր կուսակցությունը և ՀՀ քաղաքական դաշտի հիմնական հինգ ուժերը հանդես են գալիս այն պարզ ելակետից, որ ԼՂՀ անկախությանը և միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: Մնացած հարցերը` կապված նրա անկախ գոյության և միջազգային երաշխիքների հետ, ենթակա են բանակցային քննարկումների: Հայկական քաղաքական դաշտի համար ամենասկզբունքային հարցն արդեն լուծված է, ԼՂՀ տնտեսական հզորացումը, ժողովրդագրական խնդիրների լուծումը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը, քաղաքական ինստիտուտների մշակումը լավագույն կռվաններն են Ղարաբաղի անկախության հարատևությունն ապացուցելու համար: Ես ելնում եմ այն պարզ իրողությունից, որ ԼՂՀ-ն ամեն օր պատմություն է գրում, և դա անկախությունը դարձնում է անշրջելի:
-ԼՂ հարցի լուծման ռազմական ճանապարհը բացառո՞ւմ եք:
-Ես ռազմական ճանապարհը չեմ բացառում: Սպառազինությունների մրցավազքը, որը վերջին տարիներին սանձազերծեց Ադրբեջանը` օգտվելով Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին 1999 թ. պայմանագրի չգործելու հանգամանքից, իհարկե, մտահոգություն է առաջացնում: Չի կարող չմտահոգել, որ Ադրբեջանը սպառազինվելու հարցում համագործակցում է աշխարհի շատ երկրների հետ` ՈՒկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, Հունաստանի, Իսրայելի, ՀԱՀ-ի։ Ադրբեջանը բացահայտորեն Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի իրավականորեն պարտադիր սահմանափակումները վաղուց գերազանցել է և յուրաքանչյուր տարի ձեռք է բերում հավելյալ նոր հարձակողական սպառազինություններ. դա հետապնդում է ռազմական ուժով Հայաստանին ահաբեկելու նպատակ: Այս մթնոլորտում մեր բազմաթիվ գերատեսչությունների հայտարարությունները, թե սպառազինությունների մրցավազքում մենք չենք զիջելու և հարկադրված ենք համարժեք ու ոչ համարժեք պատասխաններ տալու Ադրբեջանի քայլերին, որովհետև երբեք չենք գնալու բռնությանը և ճնշմանը տեղի տալու ճանապարհով, մի որոշում է, և երկրորդը` ստացվեց այնպես, որ միջազգային շրջանակներում, մասնավորապես ԵԱՀԿ-ում հասունացավ այդ պայմանագրի վերանայմանը և հեռանկարներին վերաբերող միջազգային քննարկումների անցկացման հարցը:
-Ի՞նչ ենք մենք ակնկալում այդ քննարկումներից:
-Այդ քննարկումներից մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը, գլխավոր դերակատարները` ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, ՌԴ-ն, նոր հետաքրքրություն կդրսևորեն Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի արդիականացման և կյանքի կոչման ուղղությամբ: Բոլոր երկրներն էլ սառն անտարբերությամբ էին վերաբերվում վերջին տարիներին այդ պայմանագրին, բայց միայն Ադրբեջանն է խախտել պայմանագրի դրույթները, 56 երկրներից միայն Ադրբեջանն է անթաքույց հայտարարել իր ռազմունակությունը մեծացնելու մասին և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկել: Ես հույս ունեմ, որ միջազգային քննարկումների արդյունքում ԵԱՀԿ հիմնական դերակատարները և մյուս երկրները ի վիճակի են ստեղծելու մի մթնոլորտ, որը կարող է վերահսկելի դարձնել սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում, ԵԱՀԿ հայտնի որոշումները զինված ճանապարհով հակամարտությունների լուծումը թույլ չտալու վերաբերյալ կյանքում իրագործելու համար:
-Գործող կանոնադրության շրջանակներում ԵԱՀԿ-ն ունի՞ այդ մեխանիզմները:
-Իհարկե, չնայած ԵԱՀԿ-ն կառուցվածքային առումով անմիջականորեն չի առնչվում ԵՍԶՈՒ-ի պայմանագրին, սակայն սա կազմակերպության տարածքի կարևորագույն` անվտանգության, սպառազինությունների կրճատման և վերահսկման խնդիր է: Ադրբեջանը, օգտվելով պայմանագրի կենսագործման հետ կապված որոշակի դժվարություններից, սկսեց ավելացնել իր սպառազինությունների թիվը հիմնական ցուցանիշների գծով` և՛ ուղղաթիռների, և՛ տանկերի, և՛ զրահամեքենաների, և՛ հրետանու: Հայտնի է, որ Ադրբեջանն այսօր ունի սպառազինությունների ձեռքբերման առավել մեծ հնարավորություններ, և եթե այդ պայմանագիրը շուտափույթ չարդիականացվի, նրա նկատմամբ ուշադրությունը, կատարելիության վերահսկելիությունը չմեծանա, այդ մրցավազքը խորանալու է տարածաշրջանում, ինչը կստիպի Հայաստանին, անկախ մեր բյուջեի հնարավորություններից, փնտրել և գտնել համարժեք ու ոչ համարժեք պատասխաններ տալու հնարավորություն:
-Ինչո՞ւ է 20 տարի անց Ադրբեջանն աղմկում Խոջալուի հնարովի «ցեղասպանության» մասին:
-1992 թ. փետրվարին շարունակվում էր Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջն ընդհանուր հայաթափությունը, և երբ արդեն եղել էին Սումգայիթը, Կիրովաբադը, Բաքուն, 1992 թ. ողբերգական միջադեպեր տեղի ունեցան Խոջալուում, որը Ադրբեջանը հատուկ ստեղծեց Ստեփանակերտը հայաբնակ մյուս շրջաններից կտրելու և արհեստականորեն ադրբեջանական ներկայությունը մեծացնելու ուղղությամբ: Թե ինչ է իրականում եղել Խոջալուում, լավ հայտնի է: Երբ Խոջալուի համայնքի ղեկավարին հարցրին, թե ով էր մեղավոր Խոջալուի դեպքերի համար, նա պատասխանեց` «Ես չգիտեմ, թե ով էր մեղավոր, բայց գիտեմ, որ Ադրբեջանում մեկ նախագահ պետք է լինի»: 1992-1993 թթ. Ադրբեջանի Միլի մեջլիսում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որի նպատակն էր ուսումնասիրել Խոջալուի դեպքերը և տալ քաղաքական գնահատական, հանձնաժողովը դադարեցրեց աշխատանքը հանգամանքների չպարզված լինելու և դրանց պարզելն անհնար լինելու պատճառաբանությամբ, սակայն անցան տարիներ, և երբ հին սերունդն արդեն մոռանում էր ճշմարտությունը, նոր սերունդը մեջտեղ է բերում իրականում գոյություն չունեցած մի պատմություն` տալով «ցեղասպանություն» որակումը: Եթե Ադրբեջանի նախագահը Սոչիում Հայաստանի նախագահի հետ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ ստորագրում էր բանակցային գործընթացի արդյունքում համաձայնության սկզբունքներն արագորեն մշակելու և նոր համաձայնագրի վրա աշխատանքը սկսելու դրույթի օգտին հայտարարություն, դժվար է ասել` ինչո՞ւ են փորձում նոր միջազգային աղմուկ բարձրացնել 1992 թ. չկատարված իրադարձությունների շուրջ: Եթե չես ուզում պայմանավորվել, ինչպես մեզ նախազգուշացնում էին մեր ամերիկացի և եվրոպացի փորձագետ գործընկերներից շատերը, ստիպված ես դիմելու զանազան հնարանքների:
-ՈՒրեմն ի՞նչ է մնում անել:
-ՈՒրեմն` մենք պետք է շարունակենք ԵԱՀԿ ՄԽ բանակցային գործընթացը թեկուզ այն պարզ պատճառով, որ մենք ուժեղ ենք, և մեր ելակետային սկզբունքներն ամբողջովին համահունչ են ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ-ում իշխող տրամադրությունների հետ: Մյուս կողմից` պարզ է, որ մեր երկրում բոլորը շարունակելու են փնտրել ներսից քանդողներ, ներսից կասկածի սերմեր գցողներ, և ինչպես նախորդ 20 տարում չեն գտել, հիմա էլ չեն գտնելու: Անգլիացիներն ասում են, որ Ղարաբաղի հակամարտության մեջ ՄԽ ամենամեծ առաքելությունը Ադրբեջանին բանակցային գործընթացում պահելն է, ես կարծում եմ, որ սա չափազանց պրագմատիկ մոտեցում է: Ես համամիտ եմ ռուս դիվանագետների տեսակետին, որ բոլոր դժվարություններով հանդերձ` բանակցային գործընթացը քայլ առ քայլ առաջ մղելը հնարավորություն է տալու խուսափել ռազմական լուծումից, և բարի կամքի, միջազգային հանրության հորդորների առկայությամբ, վերահսկելի դարձնել խաղաղության գործընթացը Հարավային Կովկասում: Բոլորը հասկանում են` եթե ղարաբաղյան հակամարտությունը հանկարծ շեղվի ռազմական լուծման ճանապարհով, աղետ է լինելու ամբողջ տարածաշրջանի համար:
-Ինչո՞ւ մենք 20 տարի անց նման աղմուկ չենք բարձրացնում Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, այլ վայրերի ազգային պատկանելության պատճառով հայերի զանգվածային սպանությունների ու բռնագաղթի համար:
-Ես շատ ցավում են, որ մենք Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի, Դաշտային Ղարաբաղի, Ադրբեջանի հայաբնակ մյուս շրջանների հայաթափման գործընթացի գնահատականները չենք կարողացել դարձնել միջազգային հանրության անվիճելի սեփականությունն այս ընթացքում, բայց ուզում եմ ասել, որ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում ես բազմիցս բարձրաձայնել եմ և՛ ադրբեջանահայերի ցանկությունն իրենց պատմական հայրենիք ու նախկին բնակության վայրեր վերադառնալու մասին, և՛ տեղյակ եմ պահել այն միգրացիոն գործընթացների, աննպաստ վիճակի մասին, որ ունեն Դաշտային Ղարաբաղից և այլ վայրերից Հայաստանում ապաստանած բռնագաղթվածները, որոնց ճնշող մեծամասնությունն արդեն Հայաստանում էլ չէ: Այս իրավիճակին վեհաժողովը, իհարկե, տեղյակ է: Բայց դա միշտ ասվել է խաղաղ մտադրությամբ, երբեք չի ասվել ատելություն և թշնամանք բորբոքելու նպատակով, ինչին վկա են 55 երկրների 200-ից ավելի պատգամավորներ, և դա է, որ հայկական մոտեցումները միշտ տարբերել է ադրբեջանական ագրեսիվ հայտարարություններից: Ես կարծում եմ, որ երբ 2011-ի հոկտեմբերի 8-ին ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ԵԱՀԿ-ի դերի վերաբերյալ քննարկումը դրական ընդհանուր լիցք հաղորդեց ԽՎ-ին, մարդիկ լավատեսորեն տրամադրվեցին, որ փոխըմբռնման նոր ուղիներ կարելի է գտնել, և դա պատճառներից մեկն էր, որ Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարության վերջին կետում հասարակական կազմակերպությունների, արվեստի, մշակույթի գործիչների, խորհրդարանական դիվանագիտության ներուժի ներգրավման անհրաժեշտությունն արձանագրվեց մի փուլում, երբ բանակցային գործընթացը նոր որակ է ստանում: Եթե հասել ենք այդ կետին, ինչո՞ւ նորից հետ տանել 1992 թ., ատելություն բորբոքել և ստանալ ատելության հակառակ ալիքը:
-Գուցե Ադրբեջանը ներքին քաղաքական խնդիրներ է լուծում, այնտեղ էլ են ընտրությունները մոտենում:
-Խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանում, Ադրբեջանի ապագա նախագահական ընտրությունների ժամանակ ամենահեշտը հասարակությանն արտաքին թշնամու տեսլականով ատելության դաշտ գլորելն է, բայց ատելությունը բումերանգ է. ատելություն հրահրողը պիտի պատրաստ լինի ատելության արձագանքները հետ ընդունելու: Ադրբեջանցիները պիտի հասկանան, որ իրենց ժողովրդի շահերից չի բխում իրենց ժողովրդին ատելության մեջ պահելը դեպի իրենց հարևանը, նրանք չեն ուժեղանում դրանից, ատելությունը նաև վախ է առաջացնում, վախը` դավաճանություն, դավաճանությունը` թշնամանք, մատնելու, փախչելու ցանկություն: Պետք չէ մարդկանց գցել մի վիճակի մեջ, որ նրանք ատեն իրենց հողն ու մտածեն այդ հողից օր առաջ հեռանալու մասին:
-Գուցե Ադրբեջանը փորձում է հիմնավորել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության իր ցանկությո՞ւնը:
-ՄԽ ձևաչափը փոխել չի ստացվի և ոչ միայն այն պատճառով, որ մենք ենք դա ուզում: Միջազգային հանրությունը ՄԽ գործունեությունը գնահատում է բավարար, կառուցողական, տարեցտարի ընդունվում են հայտարարություններ, որտեղ այդ ատյանի դերը կարևորվում է, լիազորությունները դադարեցնելու ոչ մի պատճառ չկա: Ի վերջո` եթե ՄԽ-ն կդադարի միջնորդ լինելուց, չի նշանակում, որ անմիջապես գտնվելու են այլ միջնորդներ, նշանակում է, որ տարածաշրջանն ընկնելու է անկայունության և անկառավարելի գործընթացների մեջ: Դա ոչ ոք երբեք թույլ չի տալու: Այդ պատճառով են բազմիցս արվում հայտարարություններ, որ անթույլատրելի է կոնֆլիկտի ռազմական լուծումը, դա Հարավային Կովկասը նոր գործող հրաբուխ չդարձնելու անհրաժեշտությունն է թելադրում: Տարբեր ատյաններում հարցը բարձրացնելու Ադրբեջանի փորձերը տարբեր հաջողություն են ունեցել, ՄԱԿ-ում վերջացավ նրանով, որ գործընթացի հետ կապ չունեցող իսլամական երկրները և ՎՈՒԱՄ-ի մի քանի երկրներ աջակցեցին Ադրբեջանին, բայց այդ բանաձևերը ոչ մի ազդեցություն չունեն, և ԱԽ-ի բանաձևեր չեն, վերջացավ նրանով, որ ԵԽԽՎ-ում փորձեցին ի կատարումն թուրք-ադրբեջանական համագործակցության, ստեղծել նոր ատյան և այնտեղ հրապարակային քննարկման վերածել կոնֆիդենցիալ բանակցությունները, բայց և՛ ձախողվեցին, և՛ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքի սառեցման մասին հայտարարվեց ԵԽԽՎ վերջին նստաշրջանում: Սա ճանապարհ չէ, ճանապարհը բանակցություններն արդարորեն առաջ մղելն է:
-Ի՞նչ է մեզ համար նշանակում բանակցային գործընթացն արդարորեն առաջ մղելը, ի՞նչ ենք մենք ակնկալում:
-Մենք ուզում ենք փոխադարձ պայմանավորվածությունների և փոխադարձ զիջումների հիման վրա ունենալ Լեռնային Ղարաբաղի անկախ հանրապետություն, մենք ուզում ենք, որ ԼՂՀ ժողովուրդն ունենա իր անկախ երկրում ապրելու, աշխատելու հնարավորություն, մենք ուզում ենք, որ ԼՂՀ ժողովրդին չպատահի այն, ինչ պատահեց նրանց հարևանությամբ գտնվող շրջանների հայ բնակչությանը, ինչ պատահեց Նախիջևանի հայությանը, մենք ուզում ենք, որ նրանք ապրեն իրենց հողի վրա և իրենց ճակատագիրը կերտեն` ինչպես իրենք են ուզում: Եվ` միջազգային երաշխավորության տակ, որովհետև միջազգային երաշխավորությունը կարող է լինել անվտանգության բավարար երաշխիք:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք դրա համար միջազգային հանրությանը:
-ԼՂՀ-ի անկախության և Հայաստանի զարգացման ամենամեծ երաշխիքը խաղաղությունն ու հզորացումն է, երբ այս խնդիրներն ապահովվեն, մնացած խնդիրների համար կարելի է աշխատել ավելի հանգիստ, հավասարակշռված, հետևողական: Այդ պատճառով էլ այսօր երկրի ներսում են լուծվում լավագույն ապագայի փնտրտուքների իսկական հարցերը:
-Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Ձեր նշած հարցերի լուծմանը կօգնե՞ն, թե՞ կխանգարեն:
-Ամենակարևորը` ընտրությունները պետք է ուժեղացնեն, ոչ թե թուլացնեն երկիրը: Իբրև ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար` փետրվարի 23-ին ես ԵԱՀԿ ԽՎ-ի մշտական կոմիտեի նիստում հրավիրելու եմ ԵԱՀԿ ԽՎ հնարավորինս մեծ թվով անաչառ և արդարամիտ պատգամավորների դիտորդական առաքելությամբ Հայաստան գալու: Ես չգիտեմ` քանիսը կարձագանքեն, ավանդաբար հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծ է, և հույս ունեմ, որ միջազգային դիտորդների ներկայությունը նույնպես կխթանի այդ ընտրությունները որակապես նոր մակարդակով անցկացնելուն: Բայց դրանից առաջ ու դրանից ավելի կարևորը գործընթացին մասնակցող հիմնական քաղաքական ուժերի ռեսուրսներ և հնարավորություններ ունենալն է` այդ գործընթացը վերահսկելու և իրենց ձայներին տեր կանգնելու համար: Եթե ամեն մեկն իր ձայներին տեր կանգնի և հսկի, որ գործընթացն անցնի նորմալ, առանց խախտումների և արդար, միջազգային դիտորդների ներկայությունն ընդամենը արտաքին վերահսկողության տեսք կստանա: Պետք չէ ակնկալել միջազգային դիտորդից այն, ինչ դու ի վիճակի չես անելու քո դիտորդների ու վստահված անձանց միջոցով:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ